Հարթակի մասին
Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը: Այս առումով, հարկ է նշել, որ անանուն ազդարարումը համարվում է ազդարարների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը, քանի որ վերջինս ապահովում է ազդարարների վստահությունը իրենց անձնական տվյալների պաշտպանության համար՝ հաշվի առնելով դրանց անհայտ լինելը ինչպես երրորդ անձանց համար, այնպես էլ պետական իրավասու մարմինների համար:

Այսպես, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի` ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայում հիշատակված հակակոռուպցիոն մարմինները հայտնի լինեն հանրությանը, և պետք է ապահովի մուտքը դեպի այդ մարմինները, այդ թվում՝ անանուն ձևով` ամեն մի դեպքի մասին նրանց հաղորդումներ տրամադրելու համար, որը կարող են դիտարկվել որպես իրավախախտում` սույն Կոնվենցիային համապատասխան»։ Այս առումով, ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով: Հարթակի այցելուներին հնարավորություն է տրվում ընտրելու անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով ազդարարման եղանակներից իրենց համար նախընտրելի տարբերակը, լրացնել համապատասխան դաշտերում ընտրված ազդարարման եղանակին համապատասխան տվյալները, ամրակցել հաղորդմանը առնչվող էլեկտրոնային նյութերը, լրացված տվյալները ստուգելուց հետո հաստատել հաղորդումը և ներկայացնել այն համակարգի հաղորդումների կառավարման մոդուլ:

Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին: Ընդ որում, հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք կարող են ստուգվել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
© 2019 բոլոր իրավունքները պաշտպանված են
Հետադարձ կապ
0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8,
Պաշտոնական էլ. փոստ: info@moj.am
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
85-00
Թեժ գիծ